ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

«Շոկ-շոու՞», թե՞ վարչախմբի հոգեհանգստի ռեքվիեմ

«Շոկ-շոու՞», թե՞ վարչախմբի հոգեհանգստի ռեքվիեմ
30.01.2026 | 15:36

Դիսկոտեկ-«Վարչաբենդ»։

Եթե կուզեք՝ խրախճանք ժանտախտի պահին։

Բայց առավել այլասերված ու ցինիկ դրսևորմամբ։

Այլ կերպ չես բնութագրի, երբ իրականությունն ավելի աբսուրդ է, քան հակաուտոպիստական ցանկացած վեպ։

«Նոր» Հայաստանում ջնջվել են իրականության ու գրականության սահմանները։

Էսթետիկ և բովանդակային ակնհայտ խզում է առաջացել վարչապետական ինստիտուտի ու թմբուկ «ծեծողի» միջև։

Վարչապետը՝ որպես պետության գլխավոր ինստիտուտ, պետք է մարմնավորի օրենքն ու լրջությունը։

Բայց երբ նա բարձրանում է բեմ՝ որպես «թմբկահար», գիտակցաբար սպանում է պաշտոնական կերպարը, փաստում փողոցային շոուի վերածած պետական ինստիտուտի դեգրադացիան։

Տարբեր աստիճանի և գունավորման պնակալեզները, սակայն, Facebook-յան պրիմիտիվ սրտիկներով ու կեղծ ժպիտներով հիշյալ «шапито»-ն փորձում են մատուցել որպես «կյանքի տոն», արհամարհելով իրողությունը՝ հանրության ստվար հատվածի համար նման խեղկատակությունները «մահվան շուրջպար են»։

Ժամեր անց կայանալիք «շոկ- շոու»-ն ոչ թե հաղթանակի նշան է, այլ սեփական անկման ու աբսուրդի գագաթնակետ, որ մատուցվում է Facebook-ը ողողած սրտիկների ցուցադրության սոուսով։

Մաքուր օրուելյան սցենար, որտեղ բառերն ու գործողությունները կորցրել են իրենց նախնական իմաստը։

Ժողովրդավարական և կայուն երկրներում նման

«շոու»-ները, թերևս, կընկալվեն որպես հումոր կամ թեթև PR։ Ճգնաժամային փուլում գտնվող երկրի համար, սակայն, կատարվողը սյուրռեալիզմի ողբերգական դրսևորում է, որտեղ շրջված են առաջնահերթությունները։

Իսկ երբ իրականությունը դառնում է ավելի տարօրինակ, քան ասենք հակաուտոպիստական «1984»-ը,

ուրեմն, ցավալիորեն խզվել են նաև արժեքային և տրամաբանական կապերը։

Որն է սրանց դիսկոտեկի ու Facebook-յան սրտիկների ծիծաղելի շղթայի նպատակը։

Հանրային գիտակցության բթացումը։

Թշնամին հավակնում է Հայաստանի ողջ տարածքին, իր հակապատմական ու հակագիտական «Արևմտյան Ադրբեջան» թեզով ողողել է միջազգային ամենատարբեր հարթակներ, իսկ հանրահայտ Ռինգո Սթարի հայաստանյան ծաղրանկարը, որ համատեղությամբ նաև վարչապետի աթոռն է զբաղեցնում, բեմ է բարձրանում թմբուկ խփելու։

Ինչպե՞ս բնութագրել սրա անմեղսունակ (թերևս, լա՛վ էլ մեղսագիտակ) արարքը։

Իհարկե՝ հերթական սիմվոլիկ ապտակ հայ հանրությանը։

Լավ մշակված ու տերերի խրախուսանքին արժանացած քայլ, որով իրազեկում է սովածներին, տնանկներին, իր պատճառով սգավոր դարձածներին.

- Դժգոհելու առիթ՝ չի՛ք։ Ի՜նչ է պատահել, որ։ Ամեն ինչ նորմալ է։ Ես կուշտ եմ և ուրախ։ Դուք էլ անհոգ եղեք։

Սա գիտակցված քայլ է, ցուցադրելու՝ աղետը, սոցիալական ծանր վիճակը և պետականության կորուստը «դատարկ բաներ են» հարկատուների հաշվին կառուցած արքայական վայելքների ու իր ներքին հարմարավետության համեմատ։

Երբ մարդիկ հուսահատությունից տներն են վաճառում, որպեսզի պարտքերից ազատվեն կամ գոյատևեն, վարչապետ կոչվածի թմբուկի անտաղանդ զարկերը հնչում են որպես պետականության հոգեհանգստի ռեքվիեմ։

Պատահակա՞ն է չարագուշակ այդ զարկերի ռիթմը։

Իհարկե ո՛չ։

Այն «ուղերձ» է նաև թշնամուն ու աշխարհին.

«Հայաստանը չունի օրակարգ, Հայաստանը չունի դիմադրողականություն, իսկ մենք՝ Հայաստանի ղեկավարներս, զբաղված ենք ավելի լուրջ գործով՝ «շոկ-շոու»-ներով, ճիշտ այն պահին, երբ դուք համատեղ ուժերով երկրի հիմքերն եք քանդում»։

Իսկ ո՞րն է սրա «Վարչաբենդի» ու թմբուկի քաղաքական ախտորոշումը։

Ներոնի սինդրոմ։

Պատմությունն արձանագրել է բազմաթիվ նման օրինակներ, երբ բռնապետ- անմեղսունակները քնար էին նվագում ու երգում, իսկ իրենց մայրաքաղաքները հրդեհվում էին կամ ասպատակվում։

Սրան ախտահարած վիրուսն այլ անուն էլ ունի՝ հոգեբանական փախուստ իրականությունից ու անձնական պատասխանատվությունից։

Սրա կերպարում թմբուկ «դոմփելն» ավելի հեշտ է, քան «Արևմտյան Ադրբեջան» զառանցանքներին պատասխանելը կամ թշնամու ախորժակին զսպաշապիկ հագցնելը։

Ի՞նչ են խորհրդանշում «Վարչաբենդի» թմբուկն ու փայտիկները։

Վերջնական օտարում սեփական ժողովրդից։

Այլևս չի էլ փորձում ձևացնել, թե սիրում է «ժողջան»-ին, ապրում նրա հոգս ու ցավերով։

Մարդիկ պարտքերի մեջ են՝ ինքը «շոու»-ի։

Թշնամին սահմանում է՝ ինքը բեմում։

Երկիրն անելանելիությունից է խելագարվում՝ ինքը թմբուկ «ծեծելուց»։

Ցինիզմի գագաթնակետն է. ինչ-որ «բենդ» պարացնել մի երկրում, որտեղ քո գործուն մասնակցությամբ ամեն քայլափոխի լսվում է թաղման «թմբուկի» ձայնը։

Երեկոյան կայանալիք մեյմունությունը ոչ թե սովորական «շոու» է, այլ էսթետիկ ու բարոյական աղետ, մեր պետականության հոգեհանգստի ականջ սղոցող ռիթմ, որ հնչեցնում է անճոռնի մի «բադիկ»՝ լպիրշ ժպիտը դեմքին։

Չեմ էլ կասկածում՝ սրա «շոու-ֆեստիվառը» կհրամցվի որպես հայ մշակույթի զարթոնք։

Նաև՝ որպես «հանրային համերաշխության» խորիմաստ դրսևորում, որ ի ցույց է դնում «հզորի» բերած «խաղաղության դարաշրջանի» կենսակերպը։

Երբ բիոզանգվածին անվերջ ներարկում են, թե պետք է ապրել միայն այսօրով, նա սկսում է կորցնել կապը պատմական պատասխանատվության հետ։ Համատարած այդ անտարբերությունն էլ հենց այն «լռության համերգն» է, որի տակ իրականացվում են ամենամեծ հանցագործությունները մեր պետության ու պետականության դեմ։

Եթե հայ հանրությունը «երջանիկ ապագայի» այս խայծն էլ կուլ տա, ուրեմն մեր հավաքական ինքնասիրությունը թաղված է այդ թմբուկի հարվածների տակ։

Եթե աղետի եզրին կանգնած երկրի ղեկավարի զվարճանքը «նորմալ» է, ուրեմն մենք արդեն հաշտ ենք նաև այն մտքի հետ, որ վաղն էլ նա կարող է մեր տունը վաճառել կամ հանձնել թշնամուն, մեր պատմությունն էլ դարձնել անորակ ինչ-որ «շոու»-ի սցենար։

Մինչ թշնամին հաշվում է իր նորագույն հրթիռները, սրանք հաշվում են անասնակեր-ցորենի ու երկիր մտած անորակ բենզինի տոննաները՝ որպես «ձեռքբերում»։

Եվ այդ ամենի գլխին կանգնած է մի կերպար, ով թմբուկի հարվածներով փորձում է խլացնել հայրենիքի կորստի ճիչը։

Պատրա՞ստ ենք ինքնակամ վերջակետելու պատմության այն ամոթալի էջը, որտեղ մի ողջ ժողովուրդ հանդիսատեսի կարգավիճակով ծափահարեց սեփական պետականության հոգեհանգստի ռեքվիեմը՝ հանուն 30 արծաթի և կեղծ անհոգության։

Ի վերջո, կգա պահն ու՞․․․

Թմբկահարը կգնա։

Համերգն էլ կավարտվի։

Կմնա լռությունը։

Իսկ հետո՞։

Լռությունից հետո կմնա կա՛մ մեր արժանապատիվ վերադարձը, կա՛մ դատարկ ու անտեր մի հողակտոր, որի վրա ժամանակին Հայաստանն էր։

Մենք ո՞ր ռիթմի տակ ենք շարժվելու՝ սեփական հիշողության ու պատվի՞,

թե՞ այն թմբուկի, որը զարկում են մեր տան ավերակների վրա։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ